Արմավիր քաղաքի երեխաների անվտանգությունը հանրակրթական հաստատություններում
Արմավիր քաղաքի կրթական հաստատությունների հարակից տարածքների երթևեկության անվտանգության խնդիրը ծնողների անհանգստության առարկան է։
ՀՀ Կառավարության ճանապարհային նշանների մասին 955-Ն որոշում
«Ճանապարհային երթևեկության «Երեխաներ» նշանը պետք է տեղադրվի մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի այն հատվածում, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը, քանի որ նախազգուշացնող նշանները տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ:
Արմավիր քաղաքում գործում է 9 հանրակրթական դպրոց և 12 մանկապարտեզ, որոնցից ընդամենը 3 դպրոցների և մեկ մանկապարտեզի տարածքում կարող ենք տեսնել «զեբր» գծանշում, իսկ «երեխաներ» զգուշացնող նշանն առհասարակ բացակայում է։ Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն երեխաներին, այլ նաև այն ծնողների և ուսուցիչներին, ովքեր պատասխանատու են անվտանգ երթևեկության համար։

ՀՀ, ք․ Արմավիր
Տիկին Ալվինայի երկու երեխաները այցելում են Արմավիր քաղաքի թիվ 11 մանկապարտեզ, որի տարածքում առկա չեն գծանշումներ և զգուշացնող նշաններ։ Նրա անհանգստությունը կիսում են Արմավիր քաղաքի թվով 12 մանկապարտեզներ հաճախող երեխաների շատ ու շատ ծնողներ, ովքեր ամեն անգամ երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ ճանապարհելիս մտահոգվում են այդ խնդրով, չնայած նրան, որ մանկապարտեզների դեպքում ծնողներն իրենք են երեխաներին ուղեկցում և այս առումով խնդիրը վերահսկելի է դառնում, սակայն անվտանգության տեսանկյունից մանկապարտեզների հարակից փողոցները կարիք ունեն պատշաճ վերահսկողության։
Միշտ անհանգստանում եմ նրանց անվտանգության համար, ճիշտ է, դաստիարակները շատ ուշադիր են, սակայն, ամեն դեպքում այդ հարցը շատ եմ կարևորում։

Ալվինա Հակոբյան
Ծնող
Խնդրին ավելի լավ ծանոթանալու համար մի փոքրիկ շրջայց կատարենք Արմավիր քաղաքի դպրոցներով։
Արմավիր քաղաքի թիվ 1 և 4 ավագ դպրոցները, թիվ 3, 5, 9 հիմնական դպրոցները գտնվում են բանուկ փողոցներում, որտեղ առկա է երթևեկության անվտանգության խնդիրը։
Արմավիր քաղաքի թիվ 1 ավագ դպրոց
Արմավիր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցը Շահումյան փողոցում է։ Այն քաղաքի բանուկ հատվածներից է, որտեղ երթևեկությունը պատշաճ չի կարգավորվում։ Մասնավորապես դպրոցի հարակից տարածքում բացակայում են «զեբր» գծանշումը և «երեխաներ» զգուշացնող նշանը։
Դպրոցի հարակից փողոցի մայթերն անմխիթար վիճակում են։

Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոց
Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցը Ջիվանու փողոցում է։ Այստեղ նույնպես երթևեկությունը պատշաճ չի կարգավորվում։
Մայթերի նեղ և անմխիթար լինելու պատճառով երեխաները ստիպված քայլում են փողոցով։ Առավոտյան ժամերին վթարային իրավիճակներ հաճախ են պատահում։ Այստեղ նույնպես բացակայում է «զեբր» գծանշումը և «երեխաներ» զգուշացնող նշանը։
Արմավիր քաղաքի Թիվ 3 ավագ դպրոց
Դպրոցը գտնվում է Կոմիտասի փողոցում, որը Արմավիր քաղաքի հյուսիսային բանուկ փողոցներից մեկն է։ Այստեղ երեխաների երթևեկությունը նույնպես անվտանգ չէ։ Ինչպես մյուս դպրոցների դեպքում, այստեղ ևս բացակայում է «զեբր» գծանշումը և «երեխաներ» զգուշացնող նշանը։
Արմավիրի Թիվ 4 ավագ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Լիլիթ Եփրեմյանը խոսում է Արմավիր քաղաքում դպրոցների հարակից ճանապարհների անվտանգության խնդրի մասին։
Նրա որդին հաճախում է Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ առկա երթևեկության խնդիրները նույնպես նրա անհանգստության առարկան է։ Ըստ տիկին Եփրեմյանի՝ 5-րդ դպրոցի փողոցը առավոտյան ժամերին անանցանելի է դառնում, ինչը ամեն օր տհաճություն է պատճառում երեխաներին դպրոց ճանապարհող ծնողներին։
Լիլիթ Եփրեմյան
Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի Անչափահասների գործերով և ընտանեկան բռնությունների կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Արմինե Պողոսյանը նշում է, որ իրենց գործառույթների մեջ են մտնում դպրոցներում իրազեկման, ուսուցողական դասընթացների անցկացումը ուսուցիչների, ծնողների և աշակերտների շրջանում։
Յուրաքանչյուր տարի սեպտեմբեր ամսվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են անցկացնում այն դպրոցների հարակից շրջաններում, որոնց հարակից տարածքներում երթևեկությունը բարդ է։
Արմինե Պողոսյան
ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի Անչափահասների գործերով և ընտանեկան բռնությունների կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան։




Արմավիրի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանում երթևեկության անվտանգության խնդիրներով զբաղվում է Արմավիրի համայնքապետարանը, որին ուղարկած հարցմանն ի պատասխան նշել են, որ մրցութային փուլում է Արմավիրի երթևեկության սխեմայի ձեռքբերումը, որից հետո կսկսվի արդեն ճանապարհների կահավորման աշխատանքները։

Ժամկետների մասին հարցման պատասխանում նշված չի եղել։


Համեմատաբար ավելի անվտանգ են Արմավիր քաղաքի 2-րդ, 6-րդ և 8-րդ դպրոցները, որոնց հարակից փողոցում առկա է «զեբր» գծանշումը, սակայն այս դեպքում էլ բացակայում է «երեխաներ» զգուշացնող նշանը։ Նշենք, որ Արմավիրի թիվ 2 դպրոցը գտնվում է Հանրապետության փողոցում, 6-րդ-ը՝ Շահումյան, իսկ 8-րդ-ը՝ Խաչատուր Աբովյան։
Նյութը պատրաստվել է Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեդիա մարդ» լրագրության ամառային դպրոցի մասնակիցների կողմից։
Հեղինակներ՝ Անժելա Կարապետյան, Ալբերտ Չարչօղլյան
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website